2020 թ. մարտի 14-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ապօրինի մուտք է գործել Ստեփանավան քաղաքի Եկեղեցու փողոցում գտնվող նշված բնակարան, որտեղ հարձակվել է տանը միայնակ գտնվող կնոջ վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ նրա ձեռքից հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի՝ շուրջ 2.000.000 դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: