Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Ներկա էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ։
Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։
Արման Սարգսյանը նշել է, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։ Քննարկվել են արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում է կայացվել աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։
Նշվել է, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ են տրվել նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։
Քննարկվել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների՝ համաճարակից պաշտպանվածության հարցը։ Այդ ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ ծառայությանը զուգահեռ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով սահմանված լիազորությունները, և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում տրվել են կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև արտակարգ դրության ընթացքում ոստիկանությանը վերաբերող այլ հարցեր։