Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց երեկ արձանագրված 22 դեպքերի մասին: Վարչապետը նշեց, որ արձանագրված 52 դեպքից 32-ը կապված են Էջմիածնի, 11-ը՝ արտադրամասի հետ: Վարչապետը նշեց, որ երեկ դեպքերը շատացել են, քանի որ ԱՆ-ը որոշել է մեկուսացված անձանց թեստեր հանձնել, որոնք, սակայն, որևէ ախտանշան չեն ունեցել: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ 52 դեպքից թոքաբորբով են ուղեկցվում 2-ը, նրանցից մեկն այսօր ջերմություն չի ունեցել: Եվ վարակվածների մեծամասնության ջերմությունը բարձր չէ:
Վարչապետի խոսքով՝ հիվանդանոցներում մարդիկ են, որոնք չունեն բուժման կարիք. այդ առումով Փաշինյանը նշեց Հայաստանում արձանագրված առաջին դեպքը. հիվանդը առանց որևէ դեղորայք ընդունելու ապաքինվեց ու գնաց տուն: Պետք է կարողանալ պատասխանատվության աստիճանը բարձրացնել և հասկանալ, որ յուրաքանչյուրս կարող է վարակվել՝ նշեց Փաշինյանն ու թվարկեց այն խոցելի խմբերին, որոնց պետք է մեկուսացնել:
«Կորոնավիրուսը այնքան էլ սարսափելի չէ, ինչքան իր մասին ընդունված է ասել, եթե խոսքը վերաբերում է 70-ից ցածր տարիք ունեցող կամ խրոնիկական հիվանդություն չունեցող անձանց: Այս պահի դրությամբ կորոնավիրուսը մեզ համար ընթանում է որպես մի սովորական վիրուսային հիվանդություն»,- նշեց Փաշինայնն ու հավելեց, որ հիվանդացած ու առողջացած մարդիկ ունեն առավելություն. օրգանիզմում բնական պատվաստանյութ է արտադրվում վիրուսի դեմ:
Սպիրտի գինն աճ է արձանագրել՝ նշեց Փաշինյանն ու հավելեց, որ այն կապված չէ կորոնավիրուսի հետ: Փաշինյանը նշեց, որ գնաճը կապված է Հարկային օրենսգրքի փոփոխության հետ: Խուճապային ու ճգնաժամային գնումների հետևանքով էլ թանկացել են մի քանի պարենամթերքներ: Փաշինյանը կրկին կոչ արեց խուճապային առևտրի չգնալ, գնալիս էլ չմոռանալ փոքր և միջին կրպակների մասին և առևտուր անել ոչ միայն մեծ սուպերմարկետներում:
Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է՝ նշեց վարչապետն ու ասաց, որ որևէ խնդիր չկա: Տնտեսական քաղաքականությանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ շտապողական քայլեր չեն ուզում անել: «Տնտեսական նպաստի» տրամաբանությանը Փաշինյանը դեմ է, ասում է, ոչ թե պետք է «տնտեսական նպաստ» տալ, որը տնտեսությունը կթուլացնի, այլ ամեն ծախսվող կոպեկի հիմքում դնել զարգացման ծրագիր:
«2018 և19 թթ. արդյունքներով Հայաստանը կուտակել է շատ մեծ պոտենցիալ տնտեսական ռեստարտ իրականացնելու և տնտեսական հեղափոխությունը նորից սկսելու: ԵՎ դա կօգտագործվի, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ավելի ուժեղացած: Միակ նրբությունն այն է, որ մենք պետք է կայացնենք ինֆորմացված որոշումներ, քննարկված և ռազմավարական խորություն ունեցող որոշումներ»,- նշեց վարչապետը:
Փաշինայնն ուրախություն հայտնեց, որ երկրում իրավիճակը հանդարտ է:
«Իհարկե, անհանգստացած ենք բոլորս, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսը կառավարելի է և կարող է կառավարելի լինել նաև երկարաժամկետ առումով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակը կայուն է, և այս ճգնաժամը զրոյական կետ է, որից պետք է կառուցվի նոր իրականություն:
«Ես համոզված եմ, որ այս իրավիճակից մենք դուրս ենք գալու հաղթած, ուժեղ, շատ ավելի հպարտ, հզոր, գրագետ և, իհարկե, որպես ազգ, ժողովուրդ՝ շատ ավելի միասնական»,- նշեց վարչապետն ու շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին: