Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստում նշեց, որ արտակարգ դրության ժամանակ ՀՀ քաղաքացիներին արգելվում է ՀՀ տարածքը լքել ցամաքային ուղղություններով, օդային եղանակով տարածքը լքելու դեպքում քաղաքացիները վերադառնալու դեպքում կանցնեն կարանտինային ստուգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ և պայմանավորվել են երկշաբաթյա ժամկետով հաղորդակցությունը՝ միայն ուղևորափոխադրումների մասով, դադարեցնել՝ ապահովելով միայն քաղաքացիների վերադարձը իրենց երկիր՝ ՌԴ և Հայաստան: Պայմանավորվել են նաև, որ բեռնափոխադրումները կշարունակվեն նույն ռեժիմով: Վարչապետն ընդգծեց, որ կան փոխադարձ որոշումներ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաստանի հետ:
Արտգործնախարարն առաջարկում էր բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը արգելել՝ անկախ նրանից՝ օդով թե ցամաքով: «Եթե մենք ունենում ենք փոփոխվող ցանկ, այսօր մենք մի խումբ երկրների ենք նշում՝ որպես արգելք ունեցող, վաղը՝ երրորդ, չորրորդ, և դա կառավարելը լինելու է շատ բարդ»,- նշեց նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ արտգործնախարարն առաջարկում է ավելի տոտալ արգելք: