ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:
Տնօրենին զեկուցվել է Երևանում և մարզերում գործող արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանից» բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույցի» ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։
Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցել է, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ-ի կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապօգնության ֆելդշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
Զեկուցվել է նաև, որ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։
Քննարկվել են կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։
Հանձնարարվեց բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:
Վ. Գաբրիելյանը նշել է, որ նախարարի հրամանի համաձայն՝ չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկրի ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: