Ժամը 15:00-ին կհրավիրվի Կառավարության նիստ, որում քննարկվելու է երկրում արտակարգ դրության հարցը: Վարչապետը հերթական ուղիղ միացմամբ հայտնեց, որ Էջմիածնում 129 քաղաքացու մոտ այս պահի տվյալով ջերմություն է արձանագրվել, խնդրել են վերադառնալ տուն, ինքնամեկուսանալ:
«Այն փաստը, որ իրանք ջերմություն ունեն, դեռևս կորոնավիրուսի նախանշան չէ: Երբ որ ես թեստ պիտի հանձնեի, ջերմություն ունեի՝ 37.1: Բայց, ինչպես գիտեք, հերքվեց: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին, որոնք համակարգային մոտեցում են ցուցաբերում, ունեն բարձր գիտակցություն: Շնորհակալություն եմ հայտնում բուժաշխատողներին, այն աշխատանքային խմբին, ովքեր օրուգիշեր աշխատում են: Ուզում եմ հատուկ ընդգծել «առաջնագծում» աշխատող բուժաշխատողներին և բոլոր էն մարդկանց, ովքեր քաղաքացիական բարձր գիտակցությամբ ամեն ինչ անում են, և այն մարդկանց, ովքեր եթե չեն կարող օգնել, գոնե չեն խանգարում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը խոսեց նաև իրավիճակով պայմանավորված տնտեսական բաղադրիչի մասին: Ուրբաթ օրվանից սկսվել են այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքները, քննարկվում են երկրում տնտեսական դինամիկան պահպանելու գործողությունները:
«Ավելի քան 200 քաղաքացի այս պահին մեկուսացված է, առայժմ մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի: Եթե Կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն հայտարարելու մասին, իսկ տրամաբանությունն այնպիսին է, որ դա կլինի, այնուհետև իրավունքի ուժով կհայտարարվի ԱԺ նիստ, պատգամավորների հարցերին կպատասխանենք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև զգոնության կոչ արեց. «Հայաստանն այս իրավիճակից պետք է դուրս գա ուժեղացած, և ես ուզում եմ, որ բոլորս տրամադրվենք դրան, և, փառք Աստծո, պետք է արձանագրել, որ ծանր դեպքեր չունենք, երկու ռիսկային դեպքեր ունենք, որոնք թոքաբորբ են, նրանք բուժվում են: Ջերմաչափումներ արեք, որ ջերմություն արձանագրվի, չշտապեք հետևություններ անել, վարակը կարող է նաև ուղեկցվել առանց ջերմության»:
Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել էր ինֆորմացիա տրամադրել պարենի ինքնաբավության հետ կապված: Վարչապետը առանձնացրեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի խոսքը. «ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանը զեկուցեց, որ եթե նույնիսկ մի ամիս հանրապետություն ոչինչ չներկրվի, սննդի պակաս չի լինի: Թեև այս պահին այնպես չէ, որ չի ներկրվում, առնվազն հիմնական ուղղություններով բեռնափոխադրումները պահպանվում են»:
«Լարված ժամանակաշրջան է, եկեք ավելի չլարվենք, և հավատացեք միայն այն տեղեկատվությանը, որը տրվում է պետական մարմինների կողմից»,- ասաց վարչապետը: