20-րդ դարի համաշխարհային կինոյի վարպետներից մեկը՝ իտալացի աշխարհահռչակ սցենարիստ Տոնինո Գուերան, այսօր կդառնար 100 տարեկան: Նախորդ դարի մյուս հսկաներից Գաբրիել Գարսիա Մարկեսը, որ Գուերայի վաղեմի բարեկամն էր, նրան համարում էր Իտալիայի ամենամեծ բանաստեղծը: Գուերան Հայաստանի հետ կապված էր ջերմ բարեկամությամբ, մի քանի անգամ այցելել էր մեր երկիր և առաջին անգամ այն բացահայտել էր իր լավագույն ընկերոջ՝ Փարաջանովի միջոցով: 2006-ին նա Երևանում էր՝ «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնի հրավերով և համաշխարհային կինոյում վաստակի համար արժանացավ փառատոնի բարձրագույն մրցանակին՝ Փարաջանովյան թալերին: Գուերայի 100-ամյակի առիթով Երևանում հոբելյանական միջոցառում էր կազմակերպել Փարաջանովի թանգարանը, որը, սակայն, չեղարկվել է՝ համաճարակային իրավիճակից ելնելով: