ԿԳՄՍ նախարարության ենթակայության բոլոր հաստատությունները մինչև մարտի 23-ը փակ կլինեն: Նախարարությունից նշել են, որ ուսումնական ծրագրի բաց թողնված հատվածը կլրացվի հավելյալ պարապմունքների միջոցով, իսկ այս ընթացքում բուհերում նախատեսված քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ։ Նախարարությունը խրախուսում է նշված օրերին ուսումնական գործընթացը հեռավար եղանակով (առցանց) կազմակերպելու ջանքերը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում առցանց ուսուցման համակարգի համար նախատեսված դասախոսությունների ու գործնական աշխատանքների տեսանկարահանման միջավայրը ստեղծված է: Այն հասանելի կլինի պոլիտեխնիկի ավագ դպրոցի, քոլեջի, ինչպես նաև ՀԱՊՀ ուսանողության համար: Այս մասին www.1lurer.am-ը տեղեկացավ ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյանից: Նրա խոսքով՝ դասախոսությունների նկարահանումները սկսվել են երեկվանից, այսօր առավոտյան ժամը 9-ից ևս մեկնարկել են ու մինչև օրվա ավարտ կշարունակվեն: Վարդանյանն ընդգծեց, որ շաբաթվա ավարտին արդեն դասախոսությունները հասանելի կլինեն աշակերտներին և ուսանողությանը, որոնք ունենալու են https://polytech.am/-ում ստեղծված առանձին համակարգում իրենց գաղտնաբառը: Դասապրոցեսի ինտերակտիվ անցկացման համար ստեղծվելու է նաև երկխոսության հարթակ: