Կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու հարցը:
Արդարադատության նախարարը զեկուցեց հետևյալը.
Հիմք ընդունելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է էպիդեմիա, և էջմիածնում վարակակիրների կամ կասկածյալների թիվն ավելանում է, կանխարգելիչ աշխատանքների համար անհրաժեշտ է, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարվի:
Արտակարգ դրության ռեժիմը ուժի մեջ է մտնում այսօր՝ ժամը 17:00-ից մինչև ապրիլի 16-ը՝ 09:00-ը:
Կստեղծվի պարետատատուն, պարետատան ղեկավար է նշանակվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Բադասյանը ներկայացրեց, որ պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը: Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի մարզպետները, համայնքի ղեկավարները: Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների համար:
Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ ՊՆ զորամասերում սահմանափակումներ կմտցվեն: ՔԿՀ-ներում արգելվում է հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը, տեսակցությւոններ ունենալը՝ բացառությամբ տեսազանգերից օգտվելու դեպքերի, կրոնական ծիսակատարություններ կազմակերպելը և դրանց մասնակցելը:
ՔԿՀ-ներում և ՊՆ զորամասերում հատուկ ցուցումով կարող են սահմանափակվել կամ արգելվել զբոսանքները, հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը, այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը, տարածքի սահմաններում տեղաշարժվելը: