Առողջապահության նախարարությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում են կորոնավիրուսին առնչվող ամենահաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները: Հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նշվում է, որ մեկուսացման բոլոր պահանջներն իրականացվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների հիման վրա: Այդ առաջարկությունները հարմարեցվում են Հայաստանի օրենսդրությանը, հետևաբար այն ուղևորները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ ներկայումս դիտվում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակ, ապա հատկապես այդ չվերթերի ուղևորները ենթարկվում ջերմաչափման: Եթե լինում են ջերմություն կամ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ տեսանելի ախտանշաններ, ապա բոլոր ուղևորները մեկուսացվում են և հոսպիատալացվում, իսկ այն ուղևորները, որոնց մոտ առողջական վիճակի որևէ խնդիր չի արձանագրվում, ապա լրացնում են իրենց բնակության վայրի հասցեական քարտեր: 14-օրյա բժշկական հսկողությունը սահմանվում է թե՛ առողջապահության նախարարության համապատասխան մարմինների կողմից, թե՛ պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից: