Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.
«Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք.
խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից.
արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ.
Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:
Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների (հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):
Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնի հետ։