Կորոնավիրուսի համաճարակը չի թուլացրել ԱՄՆ-ում նախագահի նախընտրական պայքարը: Վերլուծաբանների կարծիքով՝ վիրուսի տարածման հետևանքով Միացյալ Նահանգներում ստեղծված ճգնաժամից կարող է օգտվել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը: Նրա դիրքն ամրապնդվում է՝ կապված համաճարակի բռնկմանը Դոնալդ Թրամփի համարժեք պատասխան տալու անկարողության հետ, հայտնում է The Times-ը: Առաջացած ճգնաժամը սպառնում է ամերիկյան տնտեսությանը, որի հաջողությամբ այդքան հպարտանում է պետության գործող ղեկավարը՝ պնդում է պարբերականը:
«Կորոնավիրուսը օգնում է Բայդենին երկու կողմից»,- ասել է Լարի Սաբատոն՝ Վիրջինիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսորը: «Նախևառաջ՝ մենք ունենք ռեցեսիա, որը պայմանավորված է վիրուսով: Երկրորդ՝ Թրամփը շատ անարդյունավետ է և անհուսալի ճգնաժամի հաղթահարման հարցում, ինչը միայն տարակուսանք է առաջացնում: Արդյունքում՝ դեմոկրատի փաստարկները Թրամփի դեմ ավելի համոզիչ են դառնում»: