Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն՝ ձեռնարկելով իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմելով ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում՝ ներառյալ արտակարգ իրավիճակները («Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հոդված 1, մաս 2)։
-
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՐՈՇԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՄ ՕԲՅԵԿՏՈՒՄ
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման («Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հոդված 1)։
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը (նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է. եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել վերոնշյալ ժամկետները չգերազանցող ժամկետներով)։
Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է Կառավարության որոշմամբ («Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հոդվածներ 5, 6)։
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ սահմանվում են նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումների ծավալը:
-
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել մի շարք միջոցառումներ և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումներ, այդ թվում՝ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանումը.
ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները.
սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանումը.
հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումը կամ արգելումը.
տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը և դրանց զննման իրականացումը («Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի հոդված 7)։
Արտակարգ դրությունը բացառում է նաև դրա գործողության ժամանակահատվածում հանրաքվեի անցկացումը (Սահմանադրության հոդված 208)։