Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 170 հազարը: Առողջացածների թիվն էլ է ավելացել: Արագ տարածվող այս վիրուսից ապաքինվել է 77.790 մարդ, մահացել՝ 6526 մարդ:
Վարակակիրների մահվան հաստատված դեպքերի մեծ մասը՝ 21.9%-ը, կազմում է 80+ տարիքային խումբը, հաջորդաբար՝ 70-79-ը և 60-69-ը տարեկանները: Վարակվածների 13.2 %-ը ունի սրտանոթային հիվանդություններ, 9.2%-ը՝ շաքարային դիաբետ, 8%-ը՝ քրոնիկական շնչառական հիվանդություններ, հիպերտոնիա՝ 8.4%-ը, քաղցկեղ՝ 7.6%-ը:
Վարակակիրների թվով աշխարհում շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը՝ վարակի 80.876 դեպքով: Որոնցից 3213-ը ավարտվել են մահվան ելքով, իսկ 67.766-ն ամբողջովին ապաքինվել են:
Վարակի դեպքերի թվով երկրորդ հորիզոնականում Իտալիան է: Ապենինյան թերակղզում երկրաչափական պրոգրեսիայով ամեն վայրկյան աճում է վարակակիրների թիվը: Այն պահին գրանցվել է վարակի 24.747 դեպք, որոնցից 1809-ը՝ մահվան ելքով: Ապաքինվածների թիվը կրկնակի է՝ 2335:
Կորոնավիրուսի վարակի երրորդ մեծ օջախը հարևան Իրանն է: Այստեղ գրանցվել է շուրջ 15 հազար դեպք, որոնցից 1053-ը գրանցվել է այսօր: 823 մահվան դեպքից 129-ը գրանցվել է այսօր, իսկ շուրջ 4500 մարդ արդեն ապաքինվել է վիրուսից:
Եվրոպայում վիրուսն ամեն օր ավելի մեծ տարածքներ է «գրավում»: Վերջին օրերին վարակակիրների թիվն ավելացել է Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում: Իսպանիայում արձանագրվել է շուրջ 8000 դեպք, որոնցից 294-ն ունեցել են մահվան ելք, իսկ 517-ն ապաքինվել են:
Գերմանիայում մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 402-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 6215-ի: Այստեղ մահացել է 13, ապաքինվել 46 մարդ:
Ֆրանսիան հարևան երկրներին զիջում է: Այստեղ վարակված է շուրջ 5400 մարդ: Կորոնավիրուսից «սիրո երկրում» ապաքինվել է 12, մահացել 127 մարդ:
ԱՄՆ-ում նույնպես վարակակիրների թիվն աճում է: 122 նոր դեպքով ԱՄՆ-ում գրանցված վարակի դեպքերի ընդհանուր քանակը հասել է 3802-ի: Մահացել է 69 մարդ, արդեն կազդուրվել են 73-ը:
Հարևան երկրներից Վրաստանում արձանագրվել է 33 դեպք, որոնցից մեկն արդեն ապաքինված է: Ադրբեջանում վարակվածների թիվն ավելացել է երկուսով: Այժմ գրանցված է 25 դեպք: Մահվան ելքով ավարտվել է 1 դեպք, ապաքինվել է 6 մարդ:
Արևմտյան հարևան Թուրքիայում էլ վարակի դեպքերը վերջին օրերին ավելացել է՝ կազմելով ընդհանուր առմամբ 18 դեպք: Այստեղ վիրուսից մահացածներ և առողջացածներ դեռ չկան: