Բարսելոնայում կորոնավիրուսի պատճառով տաքսի ծառայություն մատուցող հայ վարորդները հանդես են եկել նախաձեռնությամբ: Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը:
«Տաքսու հայ վարորդներն այս դժվար պահերին առաջարկում են անվճար տեղափոխել բուժաշխատողներին»,- նշել է դեսպանատունը՝ կիսվելով Ֆեյսբուքում Los Armenios խմբում տեղադրված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու մասին հայտարարությունը:
Մարտին Կիրակոսյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Աբրահամ Հակոբյանը, Էդգար Ավետիսյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արմեն Ազարյանը, Հայկ Եղիկյանը, Դավիթ Փիլոսյանը և այլք հայտարարության հետ միասին հրապարակել են իրենց հեռախոսահամարները:
Հայտարարության տակ բազմաթիվ օգտատերեր շնորհակալություն են հայտնել հայ վարորդներին նման մարդասիրական նախաձեռության համար:
Իսպանիայում վերջին տվյալներով՝ վարակվածների թիվը շուրջ 8000 է: