Հայաստանում մարտի 1֊ին գրանցված կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը դուրս կգրվի,- ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետը էջմիածինցիներին խնդրեց քաղաքից դուրս գալու 27 ելքերից ընտրել 3֊ը։ Մյուս ճանապարհները փակ կլինեն։ Երեք ճանապարհներին հերթապահություններ կլինեն, ջերմաչափումներ կարվեն և համապատասխան գործողություններ կիրականացվեն։
Խոսելով H1N1 վիրուսի հետ համեմատությունների մասին՝ վարչապետը նշեց, որ 2016֊ին այդ վիրուսից մահացել է 30 մարդ, բայց այդ ժամանակ այսպիսի աժիոտաժ չկար։ Վարչապետը խուճապը կապել է համացանցի և խոսքի ազատության հետ։
Վարչապետը հայտնեց նաև, որ շփում է ունեցել Իտալիայից Մեղրի ժամանած քաղաքացու հետ, որը վարակված է կորոնավիրուսով։
Դեռ Սևանում ենք, նորից թեստ ենք հանձնել ամբողջ ընտանիքով, գիշերը պատասխանը կլինի և կտեղեկացնենք մանրամասները։ Եթե պատասխանը դրական լինի, ընտանիքով կշարունակենք ինքնամեկուսացումը, բացասական պատասխանի դեպքում՝ առավոտյան արդեն կվերադառնամ ու կլինեմ կառավարության իմ աշխատասենյակում,- ասաց վարչապետը։
Որևէ քաղաքական նպատակ չի կարող բարձր լինել, քան հանրային առողջությունն ու անվտանգությունը։ Եթե հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, ապա մենք համապատասխան որոշում կկայացնենք,- նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց, որ վաղը կառավարությունը կքննարկի նաև Հայաստանի որոշ շրջաններում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, եթե լինի դրա անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ավելի խիստ միջոցների։
Կոչ եմ անում զերծ մնալ խուճապային տրամադրություններից, լինել մաքսիմալ զսպված, տրամադրվում է ամբողջական ինֆորմացիա և ոչինչ չենք թաքցնում,- ասաց վարչապետը։