«Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված՝ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը գտնվում էր հետախուզման մեջ, ձերբակալվել է Մոսկվայում: Այդ մասին հաղորդում է
ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Ըստ այդ աղբյուրի՝ որոշվելու է Վ.Հարությունյանին Հայաստան արտահանձնելու հարցը:
Նշենք, որ ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ Հարությունյանը, 2007-2011 թվականներին, զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքներ:
Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա հետախուզման մեջ էր: