ՌԴ-ից ՀՀ ոստիկանությանը տեղեկացրել են «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալության մասին։
«Մեր կողմից կնախաձեռնվի էքստրադիցիայի գործընթաց»,- Լուրերի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Վահագն Հարությունյանը հետախուզվում էր 2018 թվականի հոկտեմբերի վերջից։ Մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու համար:
Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր՝ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:
2018-ի դեկտեմբերի վերջին ՀՔԾ-ն լրացրեց Վահագն Հարությունյանի մեղադրանքը․ ավելացավ նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեղադրանքը։ Հարությունյանը հեռախոսով հայտարարել էր, թե մեղադրանքը «չի ընդունում»։