Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի առողջական վիճակի մասին «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի հետ է խոսել ԿԳՄՍ նախարարը։ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիանե Կաոլիի ավտովթարի մասին: Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:
Առողջություն եմ մաղթում Արիանե Կաոլիին:
Հիշեցնենք՝ ԱԻՆ-ն ծառայությունը հայտնել էր, որ մարտի 15-ին, ժամը 00:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում գտնվող կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, որը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: