Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտնել է, որ իր և Աննա Հակոբյանի հանձնած թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Այսինքն՝ իրենք վարակված չեն կորոնավիրուսով:
Վարչապետը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է: Ախտորոշվել է 18 դեպք, որից 11-ը Էջմիածնի հայտնի նշանադրության հետ են կապված։
«Մեկուսացված է այդ շրջանակը, բայց 100 տոկոսով վստահություն ունենալ չի կարելի, և ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը։ Այստեղ բնակչության մեծ մասն ինքնամեկուսացել է»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ հաստատված դեպքերը հիմնականում մինչև 51 տարեկան են:
«Միայն մի քաղաքացի կա, որ 72 տարեկան է, նրա մոտ սուր ախտանշաններ չկան։ Այս պրոցեսը, հույս ունենք՝ ավելի հեշտ կհաղթահարենք, քան H1N1-ի դեպքում էր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը խոսել է նաև կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մասին ու նշել է, որ նա խստորեն հետևել էր առողջապահության նախարարության կանոններին, և այդ գործողությունների արդյունքում կարողացել ենք խուսափել վարակի տարածումից: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում վարակված առաջին մարդը, որը հայրենիք էր վերադարձել Իրանից, հնարավոր է՝ օրերս դուրս գրվի, քանի որ թեստն իր մոտ բացասական արդյունք է ցույց տվել:
Վարչապետի խոսքով՝ երկուշաբթի Կենտրոնական բանկը համապատասխան նամակով դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերանայվեն կորոնավիրուսի հետ առնչվող վարկերի պայմանները, և բոլոր հաճախորդներին կտրամադրվեն առանձին մոտեցումներ, կվերանայվեն տոկոսադրույքները, ու կցուցաբերվի առանձնահատուկ մոտեցում։
Փաշինյանը նշել է, որ խանութներում ոչ մի խառնաշփոթ չկա, բայց ավելացել է առևտրի ծավալը, որը նաև պայմանավորված է շաբաթ-կիրակի օրերով, ինչը նոր երևույթ չէ։
Առնվազն մինչև մարտի 23-ը դպրոցները չեն աշխատելու, կրթամշակութային հաստատությունները նույնպես փակ են, այնպես որ, մնացեք տանը՝ հորդորեց վարչապետը՝ նշելով, որ հաջորդ շաբաթ նորից կանդրադառնան այդ թեմային:
«Տնտեսական իրավիճակը քննարկել ենք և ունենք հստակ որոշում և այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի լավ տնտեսական հնարավորություններով։ Որոշված են բոլոր ուղղությունները, որպեսզի մենք կորուստներով դուրս չգանք իրավիճակից»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը զգոնության կոչ է արել և հորդորել է ախտանշանների դեպքում ինքնամեկուսանալ և շտապ դիմել շտապօգնություն: Նաև կոչ է արել համբուրվելով բարևելը դադարեցնելու, նաև ձեռքսեղմումից հրաժարվելու:
«Եթե նույնիսկ էս պահին ջերմություն չունեք, կասկածներ ունեք, որ կարող եք շփված լինել նրանց ազգականների, երեխաների հետ, անպայման ինքնամեկուսացեք և ախտանշանների ի հայտ գալու դեպքում, դիմեք շտապօգնություն կամ ոստիկանություն»,- ասել է Փաշինյանը: