Մեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։
Նույն բովանդակությամբ լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։ Այս մասին
հայտնում են Տեղեկատվության ստուգման կենտրոնից:
Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքել է տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա, և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները։