Մարտի 13-ին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքում գործող «Քաթաիբ Հեզբոլլահի» («Հեզբոլլահի գումարտակներ»), 5 օբյեկտներին: Ըստ Պենտագոնի՝ սա պատասխան գործողություն է եղել մարտի 11-ին Բաղդադից 27 կմ հյուսիս գտնվող Ալ-Թաջի ռազմակայանը հրթիռային հարձակման ենթարկելու, երկու ամերիկյան, մեկ բրիտանական զինծառայողի սպանության ու 12-ի վիրավորման համար:
Ընդգծվում է, որ հիմնական թիրախները ոչ թե զինյալներն են եղել, այլ «Քաթաիբ Հեզբոլլահի» հրթիռային զինանոցները:
Assosiated Press գործակալությունը, վկայակոչելով շիական «Ալ-Հաշդ ալ-Շաաբին», հայտնում է, որ գործողության հետևանքով սպանվել են իրաքյան երկու ոստիկան: Այլ կորուստների մասին՝ ներառյալ նյութական, չի նշվում:
«Հեզբոլլահի» հետ կապված Al Mayadeen-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ և Բրիտանիայի ռազմաօդային ուժերը հարձակվել են «Քաթաիբ Հեզբոլահի» զինապահեստների վրա այն բանից հետո, երբ գումարտակի հրամանատարությունը ստանձնեց Իրաքում ամերիկյան Ալ-Թաջի ռազմաբազայի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակման պատասխանատվությունը, այն որակելով «ջիհադից բխող գործողություն»: