Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանությունը խնդրում և հորդորում է․
1․ Անձնագրային գործողություններ կատարելու համար Անձնագրային և վիզաների վարչություն կամ ստորաբաժանումներ այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու, հանրային ծառայությունների համարանիշ ստանալու և այլ գործողությունների համար ծնողը անձնագրային ծառայություն ներկայանում է նաև երեխայի հետ, որի անհրաժեշտությունը չկա, կամ ներկայացնում է հիմնավորում, թե երեխային տանը խնամող չկա: Մինչև 16 տարեկան երեխայի համար ցանկացած անձնագրային գործողություն կատարվում է առանց երեխայի պարտադիր ներկայության: Հետևաբար, անձնագրային ծառայություններ այցելելիս զերծ մնացեք երեխաների հետ ներկայանալուց:
2․Անձնագրային և վիզաների վարչության վարչական մասի, ինչպես նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
3. Տեղեկացնում ենք նաև, որ բացի անձնագիր ստանալու և ՀՀ քաղաքացության դիմում ներկայացնելու դեպքերից, մյուս բոլոր գործողությունները հնարավոր է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
Հետևաբար, մեկ անձը՝ իր, ընտանիքի անդամների, հարազատների, մտերիմների համար դիմելուց բացի կարող է դիմել նաև այլ անձանց համար՝ հասարակ գրավոր լիազորագրի առկայությամբ:
Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում մեր շնորհակալությունը՝ ըմբռնումով մոտենալու համար։