Մեղրիի ազատ տնտեսական գոտում հողերի իրացման գործով անցյալ տարվա դեկտեմբերին 26-ին երկու անձ մեղավոր ճանաչվեց պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Խոսքը Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանի և աշխատակազմի քարտուղար Արմինե Օհանյանի մասին է։ Դատական վճռով Ավետիսյանին որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ 800.000 դրամի չափով և 2 տարի ժամկետով զրկվել է պաշտոնի հնարավորությունից տեղական ինքնակառավարման մարմիններում: Աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300.000 դրամով և ՏԻՄ-երում չի կարողանա աշխատել մեկ տարի։ Պատիժը, սակայն երկուսի վրա էլ չի կիրառվի՝ կապված Էրեբունի-Երևանի 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման հետ: Դատաքննության նյութերում որոշ ուշագրավ դրվագներ կան։
Կեղծ փաստաթղթերով և կեղծ աճուրդով Կարճևանի համայնքապետը 32 հեկտար հող է օտարել «Էսիէյ» ՓԲԸ-ին։ Համայնքի ղեկավարն իր ցուցմունքում նշել է, որ 2014-ի հուլիսին համայնք է եկել անշարժ գույքի կադաստրի նախկին նախագահ Մարտին Սարգսյանն ու ասել է, որ կա Կառավարության որոշման նախագիծ` Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ և նշել, որ Արաքսից դեպի Նախիջևան տանող հողերը պետք է տրամադրվեն «Էսիէյ» ընկերությանը: Ասել է նաև, որ սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է: Համայնքի ղեկավարը ցուցմունքում նշել է, որ ինքը, բացի դրականից, որևէ այլ պատասխան չէր կարող տալ, քանի որ Մարտին Սարգսյանը ներկայացրել էր երկրի բարձր ղեկավարության պահանջը: Համայնքապետը պատմել է, որ Մարտին Սարգսյանն իրեն բաց տեքստով հասկացրել է, որ պահանջը չկատարելու դեպքում կարող է խնդիրներ ունենալ։ Մարտին Սարգսյանն այս գործում ունեցել է միայն վկայի կարգավիճակ։
Դրանից հետո համայնքապետը կազմակերպել է կեղծ աճուրդ, որով 20 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքը 1.5 միլիոն, 7 հեկտար հողատարածքը 550.000, իսկ 5 հեկտար հողատարածքը 385.000 դրամով օտարել է «Էսիէյ» ընկերությանը։ Դրա սեփականատերը Սարգիս Աղաբեկյանն է: Նա Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահն է, եղել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականը։ Վերջինս անդրադառնալով իր և Մարտին Սարգսյանի հարաբերություններին նախաքննության ընթացքում հայտնել է, որ Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային հարաբերություններ։ Աղաբեկյանը, որը նաև «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ղեկավարն է, ըստ իր ցուցմունքի, տեղեկացել է, որ Կարճևանի համայնքապետին կանչել են նախագահի վերահսկողական ծառայություն և խնդիր դրել, որ որոշ տարածքներ օտարվեն «Մեղրի» տնտեսական գոտուն, «ինչից հետո իրենց գործընթացը խոչընդոտվել է»։ Վերահսկողական ծառայության այս գործողությունների մասին քննությունում գրեթե ոչինչ առկա չէ։
Դատական գործում մեկ այլ ուշագրավ դրվագ ևս առկա է. համայնքապետ Արմեն Ավետիսյանը դարձյալ ձևական աճուրդով 3 միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության մոտ 1.5 հա հողատեսքեր է օտարել իր աներորդուն՝ Ռոմիկ Սարգսյանին։ Ըստ համայնքապետի՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմից իրեն ասել են, որ տեղյակ են, որ նշված հողակտորները պատկանում են իրեն և որ դրանք ինչ գնով, որ ձեռք է բերել, անհապաղ վաճառի «Մեղրիի ԱՏԳ» ՓԲԸ-ին: 2017 թվականի դեկտեմբերին հանդիպել է նշված ընկերության տնօրեն Աշոտ Զարբաբյանին և 2 000 000 ՀՀ դրամով աներորդու անվամբ ձեռք բերված 3 հողակտորը վաճառել: Քննությունը նախագահականից ստացած հրահանգների վերաբերյալ ցուցմունքում առկա տվյալներին չի անդրադարձել։ Այս գործով ամբաստանյալներ են նաև Կարեն Հարությունյանն ու Սմբատ Մեսրոպյանը, ովքեր եղել են աճուրդի մասնակիցներ։
Վերջիններիս պաշտպան Կարեն Սարդարյանը 1lurer.am-ի հետ զրույցում ասաց՝ Մարտին Սարգսյանը գործով վկա է եղել, այլ կարգավիճակ չի ունեցել։ «Սկզբնական ցուցմունքում Արմեն Ավետիսյանը նշել է, որ Մարտին Սարգսյանը այցելել է գյուղ, հետո այդ ցուցմունքից հրաժարվել է, դա հերքվել է։ Պարզվել է, որ Մարտին Սարգսյանն այդ աճուրդներից հետո է գնացել»,- ասաց Սարդարյանը։ Նա նաև նշել է, որ Սարգսյանն այս ամբողջ գործընթացի հետ որևէ կապ չունի։ Փաստաբանի խոսքով՝ Կարճևանի համայնքապետի մեղադրանքը սխալ է որակվել, նրան պետք է մեղադրանք առաջադրվեր նաև յուրացման համար։
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիմնավորումից հետո տարածքային ենթակառուցվածքների և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ համայնքին պատկանող ու օրենքի խախտմամբ օտարված հողերի գործարքներն անվավեր ճանաչելու ու դրանք համայնքային հաշվեկշիռ վերադարձնելու համար։