ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին:
Է. Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքն է ուղղել ականավոր հետախույզի հարազատներին:
«Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ»,- ասել է Է. Մարտիրոսյանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Ա. Փահլևանյանը նշել է, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում:
«Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ»,- ասել է Ա. Փահլևանյանը:
Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ են տվել ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին: