Գերմանիայում Մյունխենի Schwabing բժշկական կլինիկան COVID-19-ով վարակակիրների դեմ առաջին անգամ կօգտագործի հակավիրուսային Ռեմդեսիվիր (Remdesivir) պրեպարատը: Այն լայնորեն կիրառվել է Էբոլա և Մարբուրգ վիրուսների դեմ, իր կայքում հայտնել է Der Spiegel շաբաթաթերթը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում լավատես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա հայտարարել է, որ ֆրանսիացի գիտնականներն աշխատում են վիրուսի բուժման ուղղությամբ, և չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին կամ ամիսներին ստանան առաջին հակավիրուսը, և սկսվի դրա մեծ քանակությամբ արտադրությունը:
Ի տարբերություն այս լավատեսության՝ չինացի գիտնականների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի վտանգը նրա «գոյատևման» առումով թերագնահատվել է: Նրանք պարզել են, որ նոր վիրուսը մարդու շնչուղիներում կարող է մնալ 37 օր: Դա 2,5 անգամ ավելի է երկշաբաթյա ժամանակահատվածից, որն օգտագործվում է որպես կարանտինային շրջան: