Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ խոսել է կիրակի Իտալիայից Հայաստան ժամանող թռիչքի, ժամանողների մեկուսացումից և կոմիտեի կողմից կազմակերպվող աշխատանքներից: Ռևազյանը նշել է, որ նախապատրաստական փուլում են, աշխատանքներ են տարվում Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայի դեսպանատան հետ, որպեսզի ճիշտ կազմակերպվի նրանց ժամանումն ու մեկուսացումը:
Ռևազյանը, անդրադառնալով օդային սահմանները փակելուն, նշել է, որ թվում է, թե օդային սահմանը փակելով՝ կարելի կլինի խնդիրները լուծել, սակայն դա կարող է ավելի վնաս պատճառել:
«Այս ուղևորները, որ եկել են ու վարակված են եղել, եթե նրանք տրանզիտով գային, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթ ու կարող ենք միջոցառումներ իրականացնել օդանավակայանում, որ նրանք տարանջատված լինեն մնացած ուղևորներից: Իսկ տրանզիտի դեպքում դա շատ բարդ է»,- նշել է Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ ժամանելուն պես՝ տարանջատելու են ուղևորներին և թույլ չեն տալու շփվել մյուսների հետ:
Անդրադառնալով ավիաընկերությունների չվերթների դադարեցման հայտարարություններին՝ Ռևազյանը նշել է, որ այն ոչ թե պայմանավորված է կորոնավիրուսով, այլ հիմնականում կոմերցիոն խնդիրներով, որոնք առաջացել են վիրուսի տարածմամբ:
«Ամբողջ Եվրոպայում, որ չեղարկում են չվերթները նրանից չի, որ ավիաընկերությունները վախենում են տարածել կորոնավիրուսը, նրանից է, որ ձեռնտու չի»,- նշել է Ռևազյանը:
Ռևազյանը խոսել է նաև կորոնավիրուսի հասցրած վնասների մասին ու նշել, որ երբևէ պատմության ընթացքում նման բան չի եղել:
«Ավիացիայում տարբեր մասնագետներ այս իրավիճակը համեմատում են Երկրորդ համաշխարհայինի հետ»,- նշել է Ռևազյանը: