Իտալիայից վերադարձած քաղաքացին, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, շփվել է վարսավիրի, ոսկերչի հետ, մասնակցել է նշանադրության արարողությանը, որից հետո նրա երկու հարազատների մոտ նույնպես կորոնավիրուս է ախտորոշվել: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այդ անձի հետ շփված բոլոր անձինք մեկուսացվել են:
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսը կանխելու լավագույն միջոցը անհատի՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է:
«Ոչ մի ողբերգություն չի լինի, եթե որոշ ժամանակ հանդիպելիս իրար ձեռքով չբարևենք և չհամբուրվենք»,- ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այսօր հայտնի կդառնան մարտի 1-ին մեկուսացված անձանց կրկնակի թեստերի արդյունքները, և, ըստ նրա, մեծ հավանականություն կա, որ պատասխանները կլինեն բացասական, նրանք կգնան տուն: Նա վստահեցրեց, որ Հայաստանում այս պահին նոր ախտորոշված դեպքեր չկան:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական համակարգի գործունեությունը կդադարեցվի, դասեր չեն լինի։ Նա կոչ արեց քաղաքացիներին՝ խուսափել մասսայական միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց:
«Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»,- խոսքը եզրափակեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակից ավելի ուժեղ դուրս կգանք: Նա նաև հորդորեց հետևել միայն պաշտոնական տեղեկության: