Այսօր ընթերցասեր հանրությունը տոնում է հայ գրականության հանճարներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը: Այս տարի լրանում է գրողի 123-ամյակը: Չարենցը մահացավ 40 տարեկանում՝ թողնելով հարուստ գրական ժառանգություն:
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի...
Կարսում ծնված Չարենցն իր ծննդավայրն այսպես է բնութագրել. «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»:
1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1914 թվականին էլ լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։