«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատել է IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահի և Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Փոլմանի նշանակումը «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում: Նշանավոր գործարար-բարերարը կմիանա մարդասերների, իրավապաշտպանների ու պետությունների նախկին ղեկավարների համայնքին, որը նախագահում է Լորդ Արա Դարզին:
«Ես ուրախ եմ ողջունելու Փոլ Փոլմանի մուտքն «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողով: Փոլը փորձառու և հարգված գործարար է, բարերար, որը ջանք չի խնայել, որպեսզի մասնավոր ոլորտը դառնա ավելի կայուն և պատասխանատու: Ընտրող հանձնաժողովի անդամները բարձր կգնահատեն նրա ներդրումը: Այդքան արժանի թեկնածուների միջից «Ավրորայի» հերոսներ և դափնեկիր ընտրելը պատիվ է և առավելություն, միևնույն ժամանակ՝ հսկայական պատասխանատվություն: Եվ ես ուրախ եմ, որ վերջնական որոշում կայացնելիս այսուհետև մեզ օգնության կգա նաև Փոլի փորձառությունը»,- ասել է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն և «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:
Փոլ Փոլմանը IMAGINE նորաստեղծ կազմակերպության համահիմնադիրն է, որը համախմբում է գործարար աշխարհի առաջնորդներին կլիմայի փոփոխության և գլոբալ անհավասարության հարցերի հաղթահարման շուրջ: Փոլմանը Միջազգային առևտրային պալատի, «Բի թիմի», Սայիդ բիզնես դպրոցի, The Valuable 500 հարթակի նախագահն է և ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» նախաձեռնության փոխնախագահը: Բիզնեսը՝ ի բարօրություն օգտագործելու գաղափարի ջատագովը լինելու համար Financial Times պարբերականը նրան բնութագրել է որպես «անցած տասնամյակի ականավոր գլխավոր գործադիր տնօրեն»: Որպես Unilever ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (2009-2018 թթ.)՝ նա ցույց է տվել, որ երկարաժամկետ ու տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ գործելու ձևաչափն ուղեկցվում է ֆինանսական գերազանց ցուցանիշներով: Փոլն ընդգրկված է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր մակարդակի փորձագիտական խմբում, որը մշակում էր Կայուն զարգացման նպատակները, և իբրև ԿԶՆ ակտիվիստ՝ նա շարունակում է աշխատել համաշխարհային կազմակերպությունների և գործարար աշխարհի հետ՝ առաջ մղելով «ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգը»:
«Մեծ պատիվ է հրավեր ստանալ միանալու «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին: Շատ ուրախ կլինեմ իմ նպաստը բերել այս նախաձեռնությանը: Այսօր մարդկությունը բազմաթիվ խնդիրների է բախվում՝ կլիմայի անդառնալի փոփոխություն, կենսաբազմազանության ոչնչացում և խիստ անհավասարություն: Միայն միասին է հնարավոր հաղթահարել սա՝ խոր և նպատակասլաց համագործակցության շնորհիվ: «Ավրորա» մրցանակը համախմբում է մարդասիրությամբ առաջնորդվող հիանալի համայնքի, և ես երջանիկ եմ, որ այդ շարժման մի մասն եմ: Շարժում, որը ձգտում է այս մոլորակն ավելի լավը դարձնել եկող սերունդների համար»,- նշել է Փոլ Փոլմանը:
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ Արա Դարզին, որի կազմում են՝ Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն և Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ և Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են՝ խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
2015 թ. մեկնարկից ի վեր «Ավրորա» մրցանակը ստացել է 2000 առանձին թեկնածուների ավելի քան 2800 առաջադրում՝ մոտ 125 երկրներից և ավելի քան 20 լեզուներով։ Այս տարիների ընթացքում ընտրվել է 14 «Ավրորայի» հերոս: Հունվարի 28-ին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը հանդիպել է Նյու Յորքում՝ ընտրելու 2020 թ. «Ավրորայի» հերոսներին, որոնց անունները կհայտարարվեն ապրիլի 24-ին Երևանում: 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա այս տարվա հոկտեմբերին: