Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Ինչպես հայտնի է, «Թումոն» 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
«Թումո» կենտրոնը բացվել է 2011 թ.-ին Երևանում: Հայաստանում այժմ գործում է երեք «Թումո» կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, ևս մեկը՝ Արցախում՝ Ստեփանակերտում: Հայաստանից դուրս կա երկու միջազգային կենտրոն՝ Փարիզում և Բեյրութում:
Մարզի ղեկավարի հետ հանդիպմանը Մարի Լու Փափազեանը նշել է, որ հաջորդ կենտրոնը ծրագրում են ստեղծել Վանաձորում, և այդ նպատակով առաջիկայում դրամահավաք է կազմակերպվելու, նաև աշխատում են կենտրոնի ստեղծման մոդելի վրա: Գործադիր տնօրենը նշել է, որ թեև կենտրոնը լինելու է Վանաձորում, սակայն պատանիներ կներգրավվեն նաև մարզի մյուս տարածաշրջաններից:
«Աջակցությունը, որ պետք է ակնկալենք մարզպետարանից, տրանսպորտի անխափան գործելն է, որը քաղաքի մեջ, նաև տարածաշրջաններից երեխաներին կտեղափոխի կենտրոն և ապա տուն, որովհետև «Թումոն» արտադպրոցական կենտրոն է և գործելու է դպրոցի հիմնական դասաժամերից հետո, նաև որոշ կազմակերպչական հարցերում»,- ասել է տիկին Փափազեանը:
Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշել է, որ պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերելու, որպեսզի ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել Վանաձորում.
«Իմ նպատակներից մեկն էլ այն է, որ կարողանանք Վանաձորում «Թումո» կենտրոն հիմնել, և ես անձամբ ու մարզպետարանի աշխատակազմը պատրաստակամ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի շուտափույթ կերպով նախաձեռնությունն իրականություն դառնա»,- ասել է մարզի ղեկավարը՝ նաև վստահեցնելով, որ տրանսպորտի հարցը որևէ խոչընդոտող խնդիր չի կարող լինել:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածքների դիտարկման և ընտրության հարցում՝ իր կողմից առաջարկելով մի քանի տարածք, որոնք կարող են հարմար լինել կենտրոնը հիմնելու համար:
Հանդիպման ավարտին Ռ. Հարությունյանն ուղեկցել է հյուրին ուսումնասիրելու առաջարկվող տարածքները: