Ռոք աստղ, System of a Down ռոք խմբի հայազգի երգիչ Սերժ Թանկյանը Նոր Զելանդիայի կառավարությանը, մասնավորապես՝ երկրի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրել է Newshub պարբերականը: Կայքին տված հարցազրույցում Սերժ Թանկյանը հայտնել է. «Կարևոր է, որ մարդիկ տեղեկանան այդ ցեղասպանության, 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Շատ երկրներ, ինչպես ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իտալիան, Եվրամիությունը, Վատիկանը և Ռուսաստանը ընդունել են Հայոց ցեղասպանությունը»:
Այն հարցին, թե արդյոք Թանկյանը կցանկանար, որպեսզի Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը օգտագործի «ցեղասպանություն» եզրույթը, հայազգի ռոք աստղը պատասխանել է. «Այո՛, իհարկե: «Ցեղասպանություն» եզրույթից շատերն են խուսափում, քանի որ Թուրքիան չի ցանկանում, որ պետություններն այն օգտագործեն»:
Պարբերականի հավաստմամբ՝ Նոր Զելանդիայի կառավարությունը մտավախություն ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատացնի Թուրքիայի հետ հարաբերությունները:
Նոր Զելանդիայի խորհրդարանի շենքում կազմակերպվել է միջոցառում, որի շնորհիվ հնարավոր կլինի խթանել Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: