Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը րոպեներ առաջ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ երկուշաբթի օրվանից Ֆրանսիայում փակ կլինեն բոլոր ուսումնական հաստատությունները:
Մակրոնը բոլոր քաղաքացիներին հորդորեց ուշադիր լինել հատկապես ծերերի և հիվանդություն ունեցողների նկատմամբ, իսկ Առողջապահության նախարարությանը կոչ արեց վիրուսի ցանկացած կասկածի դեպքում արագ արձագանքել:
«Մենք պետք է փրկենք մարդկանց կյանքերը նոր կորոնավիրուսից: Կյանքերը, որ մեզ համար այնքան թանկ են»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նա նշել է, որ «այս վիրուսը անձնագիր չունի», հետևաբար, պետք է կոորդինացնել ուժերը և միասին հաղթել նրան:
«Ես խնդրում եմ բոլոր գործատուներին՝ վճարել այն բոլոր աշխատակիցների աշխատավարձը, որոնք կարող են աշխատել տանից: Այս հարցում կարծում եմ բոլորս համերաշխ կգտնվենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: