Վայոց ձորի Զառիթափ գյուղում քարոզչության շրջանակում իր ելույթն ամփոփելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կորոնավիրուսի հետ կապված տարաբնույթ լուրերի և դրա ռիսկերով պայմանավորված քարոզչությունն ընդհատելու կոչերի մասին:
«Եկեք պայմանավորվենք, որ ինֆորմացիայի աղբյուրը կառավարությունն է: Քանի դեռ կառավարությունը չի ասել, որ որևէ բան այսպես է, լուրերին մի՛ հավատացեք: Գիտեք, էլի, հիմա կսկսեն լեգենդներ հնարել և արդեն հնարում են: Մենք հիմա, փառք Աստծո, կորոնավիրուսի առումով ամենավատ վիճակում գտնվող երկրներից չենք»,- ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ չի կարող լինել ավելի բարձր քաղաքական նպատակ, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը և անվտանգությունը:
«Եթե կզգանք, որ ինչ-որ բան էն չի, չենք թողնի, որ որևէ մեկը մեզնից առաջ որևէ որոշում կայացնի: Ամեն դեպքում ուզում եմ բոլորիդ խնդրեմ, որ չնայած ձեր օդը մաքուր է, բայց առողջապահության նախարարության հրապարակած պլակատներում գրված խորհուրդներին հետևեք»,- նշել է վարչապետ Փաշինյանը: