ԱՄՆ պետքարտուղարությունն ամենամյա զեկույցում անդրադարձել է Հայաստանի լրատվական դաշտին: Նշվում է, որ թեև թավշյա հեղափոխությունից հետո ազատությունն ավելացել է, այդուամենայնիվ, պնդումներ կան, որ որոշ լրատվամիջոցներ խուսափում են իշխանությանը քննադատելուց:
Պետքարտուղարությունը մեջբերում է իրավապաշտպանների կարծիքը:
«Հանրային հեռուստատեսությունը, ըստ իրավապաշտպանների, շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից, մինչդեռ Թավշյա հեղափոխությունից հետո հանրային հեռուստատեսությունն ավելի բազմազան թեմաներ է լուսաբանում, առավել բաց է ու հասանելի նաև ընդդիմության համար: Իսկ թե ովքե՛ր են մասնավոր լրատվամիջոցների սեփականատերերը, հստակ չէ: Իշխանությունը հանձնառու է մինչև 2020 թվականի վերջը առավել թափանցիկ դարձնել այդ անունները: Իրավապաշտպանները, սակայն, պնդում են, որ այս հարցը պետք է դիտարկվի որպես գերակայություն», - նշում է Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Զեկույցում հատուկ անդրադարձ կա նաև Հայաստանում ինտերնետ հասանելիությանն ու համացանցում տարբեր քննադատություններին:
«Կառավարությունը չի սահմանափակում կամ խափանում ինտերնետ հասանելիությունը, չի խոչընդոտում օգտատերերի ազատ արտահայտման իրավունքը կամ նրանց գրածների բովանդակությունը: Չկան նաև տեղեկություններ, որ կառավարությունը վերահսկում է մարդկանց առցանց հաղորդակցությունը՝ եթե դրա համար իրավական անհրաժեշտություն չկա»,- գրված է զեկույցում: