Հրապարակվել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության` մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցը:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում հարուցվել են քրեական գործեր, սկսվել են դատավարություններ, որոնք ուղղված են ոչ միայն նախկին իշխանությունների, այլև հենց իրենց օրոք պաշտոնյաների ու իրավապահների ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և մեղավորներին բացահայտելուն:
Զեկույցում այս համատեքստում առանձնացված է «Մարտի 1»-ի գործը.
«Մեկնարկել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը՝ պարզելու նրանց ենթադրյալ մասնակցությունը 2008-ի նախագահական ընտրություններից հետո բանակը ցուցարարների դեմ հանելու գործում։ Առաջադրված են մի շարք մեղադրանքներ` սահմանադրական կարգի տապալումից մինչև կոռուպցիա և ձեռք բերված ապացույցների կեղծում»,- նշում է պետքարտուղարությունը՝ վկայակոչելով գործով անցնող բարձրաստիճան պաշտոնյաների անունները` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Փաստելով, որ նոր կառավարությունը քայլեր է ձեռնարկում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, պետքարտուղարությունը միաժամանակ մեջբերում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի արձագանքը.
«Այդ քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը՝ խուսափելու հնարավոր վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության մեղադրանքներից»:
Անդրադառնալով անցյալ տարի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված խախտումներին՝ պետքարտուղարությունը հատուկ առանձնացրել է դատական համակարգի անկատարությունը, ընդգծելով` էական խնդիրներ կան արդարադատության անկախության հետ կապված:
«Թեև օրենքը երաշխավորում է արդարադատության անկախությունը, համակարգում հիմնականում անաչառություն չկա: 2018-ի իշխանափոխությունից հետո էլ դատավորների նկատմամբ համատարած անվստահություն է տիրում, հասարակական կազմակերպություններն էլ նշում են` դատական համակարգում կան շատ պաշտոնյաներ, որոնք ծառայել են նախորդ իշխանություններին»,- նշվում է զեկույցում:
Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշում է. «Շարունակում է խնդրահարույց մնալ իրավիճակը ոստիկանության բաժիններում ու քրեակատարողական հիմնարկներում։ Իրավապաշտպանները պնդում են` հանգամանքը, որ ոստիկանները անցյալում իրենց չարաշահումների ու բռնությունների համար անպատիժ են մնացել և դրա հետևանքով նմանատիպ դեպքերը շարունակվել են, թեև թավշյա հեղափոխությունից հետո դրանց թիվը նվազել է: Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգում միայն ղեկավարությունն է փոխվել, հիմնական կազմը, սակայն, մնացել է նույնը»:
Կոռուպցիայի մասին պետքարտուղարության զեկույցում առանձնացված է նախկին կառավարության և գործարարների կապը: «Տևական ժամանակ մեղադրանքներ էին հնչում պետական միջոցները յուրացնելու, պաշտոնյաների կասկածելի բիզնես գործունեության ու կառավարության հետ կապեր ունեցող ընկերություններին տրված մաքսային ու հարկային արտոնությունների վերաբերյալ: Թավշյա հեղափոխությունից հետո պետական կառույցներում ու նախարարություններում քրեական գործեր են հարուցվել, ըստ դատախազության՝ 13 ամսվա ընթացքում իրավապահները 110.5 միլիարդ դրամի` մոտ 230 միլիոն դոլարի յուրացման, հափշտակության ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր են հայտնաբերել, բյուջե է վերադարձվել 30 միլիարդ դրամ` մոտ 63 միլիոն դոլար: Որոշ նախկին պաշտոնյաներ պատրաստակամություն են հայտնել պետությանը փոխանցել իրենց սեփականությունը՝ հավանաբար քրեական հետապնդումից խուսափելու համար»,- նշվում է զեկույցում:
Առանձնացվում է նաև պաշտոնյաների հայտարարագրերի թեման: 2018-ին հեղափոխությունից հետո Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տուգանքներ է սահմանել՝ թերի լրացրած կամ ուշացրած հայտարարագրերի համար:
«Օրենքի համաձայն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք ամեն տարի պետք է հայտարարագրեն իրենց հաշիվները, որոնք հասանելի լինեն նաև հանրությանը: Օրենքը տրամադրում է այնպիսի գործիքակազմ, որով Էթիկայի հանձնաժողովը կարող է ստուգել հայտարարագրի բովանդակությունը, այդ թվում՝ մուտք գործել համապատասխան տվյալների բազա, վարչական պատժամիջոցներ կիրառել և գործը փոխանցել իրավապահ մարմիններ՝ ըստ անհրաժեշտության»:
Կոռուպցիայի կանխարգելման հայաստանյան գործիքակազմին պետքարտուղարությունն առանձնակի ուշադրություն է դարձրել՝ այս համատեքստում վկայակոչելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը:
«Օրենքի համաձայն՝ բոլոր տվյալների ստուգումը, ինչպես նաև գործառույթներն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Հանձնաժողովը ինքնավար կոլեգիալ մարմին է, որը հաշվետու է խորհրդարանին, իրավասու է ունենալ հինգ անդամ, որոնք նշանակվում են 6 տարի ժամկետով: Այն փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովին, որը լայն լիազորություններ ունի՝ աջակցելու հակակոռուպցիոն քաղաքականության զարգացմանը: Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հինգ անդամի: Մեկին առաջադրել է կառավարությունը, մեկական՝ խորհրդարանական երեք խմբակցություններից յուրաքանչյուրը, մեկին էլ՝ Բարձրագույն դատական խորհուրդը»: