Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում քննարկվել են արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման, էներգետիկայի ոլորտներում, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բնագավառներում համագործակցության զարգացման հնարավորությունները։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան ստորագրել են առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը:
«Արձանագրության ստորագրումից առաջ շատ մեծ աշխատանքներ են իրականացվել, այժմ այն արդեն ստորագրել ենք, և մեր առջև դրված են հստակ խնդիրներ, որոնք պետք է կատարենք»,- նշել է Դրոժժան և հավելել, որ հայ-բելառուսական համագործակցության արդյունքները գոհացնում են կողմերին, քանի որ նկատվում է առևտրաշրջանառության աճ:
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանը Բելառուսի հետ շատ սերտ համագործակցում է տարբեր ոլորտներում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում:
Նիստում բելառուսական կողմն առաջարկել է Հայաստանում ստեղծել վերելակների համատեղ արտադրություն: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ վերելակների արտադրությունը մեր երկրում կարող է դառնալ առաջնային ուղղություններից մեկը: «Վերելակների արտադրության ստեղծման հնարավորությունը կախված է Երևանի քաղաքապետարանի՝ բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության մեծ ծրագրի հետ: Մեր բելառուս գործընկերներին առաջարկել ենք և ներկայացնում ենք բոլոր այն հնարավորությունները, որոնք կքննարկվեն մրցակցային հիմունքներով»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: