Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ համացանցում տարածվել էր տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված՝ կորոնավիրուսով վարակվածներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ:
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:
Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:
Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»,- գրել է Դիանա Գասպարյանը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել», ինչից հետո «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
Նախարարությունը կոչ էր արել հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել, ունենալ պատասխանատվության զգացում և հետևել միայն պաշտոնական լրահոսին: