Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է քաղաքում կորոնավիրուսի արձանագրված դեպքից հետո առաջացած խուճապային տրամադրություններին:
Քաղաքապետը նշել է, որ այն, ինչ խոսում են համացանցում և փողոցում, իրականությանը չի համապատասխանում, այդտեղ «գույները թեժացված են, և անհարկի խուճապ են առաջացնում»: Քաղաքապետի խոսքով՝ խուճապն առաջացել է բժիշկներից մեկի սխալ հայտարարությունից հետո, թե իբր հարսանիքներից մեկի ժամանակ երեք քաղաքացու ինքնազգացողություն է վատացել, ժամանած շտապօգնությունն էլ պարզել է, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:
«Այս ամենը ծայրից ծայր սուտ է: Նախ՝ մենք ունենք մեկ վարակակիր, և նման հարսանիք ու մասնակիցների կտրուկ վատացման դեպք չի եղել: Ես կարծում եմ, որ բժիշկը դիպլոմ չէ, բժիշկը կոչում է և կենսակերպ: Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել հանրապետությունում»,- ասել է Դիանա Գասպարյանը:
Անդրադառնալով Էջմիածնեցիներից մեկի մոտ հայտնաբերված կորոնավիրուսի դեպքին՝ քաղաքապետը նշել է, որ վարակվածը օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, որի մասնակիցների ամբողջական ցուցակ է կազմվել ու փոխանցվել առողջապահության նախարարություն: Նախարարությունն էլ իր հերթին ավելի սերտ շփված մարդկանց մեկուսացրել է՝ հետագա տարածումից խուսափելու համար: Այս դեպքով է պայմանավորված քաղաքում շտապօգնության մեքենաների և ոստիկանության ծառայողների սովորականից ավելի շատ լինելը՝ նշել է Դիանա Գասպարյանը: