Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կառավարության նիստում բարձրացրել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ուսումնական հաստատություններում դասերի դադարեցման հարցը։ Թաթոյանի խոսքով՝ այդ հարցով իրենց շատ են դիմում, և հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում կարող է լինել:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ նման որոշումների համար կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն, որ արդեն ունենք վիրուսի տարածում։
«Մեր դեպքերը շատ տեղայնացված ու կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ։ Եվ դեռևս նման հարց քննարկելու կարիք չկա և խուճապի կարիք նույնպես չկա, որովհետև իրականում տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք։ Եվ բավական խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում։ Բայց, այնուամենայնիվ, մենք օպերատիվ ռեժիմով աշխատում ենք,և՛ առողջապահության, և՛ արտաքին գործերի նախարարությունների հետ։ Եթե հարց ու կարիք լինի, նմանատիպ որոշումը հենց մեկ օրվա ընթացքում կկայացնենք»,- նշել է Տիգրան Ավինյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է նիստի փակ մասում քննարկել՝ արդյոք արժե փակել ուսումնական հաստատությունները: Նրա խոսքով՝ նախարարությունը որոշումները կայացնում է՝ հաշվի առնելով առկա ցուցումները: Առողջապահության նախարարն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատանք է տարվում, խուճապի մատնվելու կարիք չկա: