Սուր շնչառական վարակների դեպքերը նվազում են, իսկ կորոնավիրուսի կասկած անգամ Արցախի Հանրապետությունում չկա՝ հայտարարել են ԱՀ առողջապահության նախարարությանից:
Հանրապետության բուժհիմնարկներում ստացիոնար բուժօգնություն է ստանում 61 հիվանդ, որից 30-ը՝ երեխաներ են: Ամբուլատոր դիմելիությունը կազմել է 96, որից 62-ը՝ երեխաներ:
Մարտի 11-ի դրությամբ՝ Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներում բացակաների թիվը կազմել է 12.6%, որից հիվանդության պատճառով՝ 2,7%: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում դպրոցներից 30 երեխա տուն է ուղարկվել: Մայրաքաղաքի մանկապարտեզներում բացակաների թիվը հասնում է 35,7%-ի, որից միայն 2 %-ն է հիվանդ: Հանրապետության շրջանների հանրակրթական դպրոցներում բացակաների թիվը կազմում է 7,6 %, որից 1%-ը՝ հիվանդության պատճառով, իսկ նախադպրոցական հստատություններում՝ 21,2 %, ընդ որում 1%-ն է միայն հիվանդ: Պետք է նշենք, որ հանրապետությունում սուր շնչառական վարակների թիվը, վերջին օրերի համեմատ, երկու անգամ նվազել է. համաճարակաբանական վիճակը հանգիստ է: