Մարտի 12-ին խորհրդարանական լսումներ էին հրավիրվել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում՝ քննարկելու «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Լսումներին մասնակցել են համայնքների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:
Քննարկումների առանցքում, մասնավորապես, եղել է Տավուշի մարզի Իջևան և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքների միավորման հարցը: Հանձնաժողովականների խոսքով՝ Հայաստանն այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է: Նշվել է, որ քննարկվելու են նաև ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրական փոփոխությունների հնարավորությունները:
«Մենք կփորձենք համայնքների հետ աշխատել առավել նպատակային, սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ցանցերը, շինությունները, ենթակառուցվածքները, ապա դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով, բացի իրենց սեփական եկամուտներից, համայնքները կունենան հնարավորություն՝ ձեռք բերած կապիտալը օգտագործելու ավելի լավ ծառայություններ մատուցելու համար»,-ընդգծել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Նա կարեւորել է շարունակական ապակենտրոնացումը և համայնքների միավորման գործընթացում ընդգծել խորհրդարանի դերը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը հիմնական ելույթում նշել է, որ գործադիրը վարչատարածքային բարեփոխումների շարունակականության ապահովմամբ պայմանավորված՝ առաջարկել է փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում: Այս համատեքստում նա անդրադարձել է վերոնշյալ համայնքների խոշորացմանը և ընդգծել, որ միավորումը միայն շրջանային ձևաչափով իրականացնելու դեպքում հողի օգտագործման տեսանկյունից էլ խնդիրներ չեն առաջանա. դրանք համաչափ կբաշխվեն, քաղաքացիները հավասար իրավունքով հողերից կօգտվեն: Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է միավորված երկու համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել հունիսի 14-ին:
Խորհրդարանականները և ոլորտի պատասխանատուներն իրենց ելույթներում հարցադրումներ են բարձրաձայնել խոշորացման գործընթացի դրական ու խնդրահարույց կողմերի վերաբերյալ: Հիմնականում բոլորն են միակարծիք եղել այն հարցում, որ յուրաքանչյուր համայնքի խոշորացման դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում: Կարևորվել է նաև ծախսերի արդյունավետությունը, համայնքների առաջնահերթությունները սահմանող ծրագիր, որը տեղերում կապահովի տնտեսական զարգացում:
Դիտեք նաև տեսանյութը: