Թեստը, որն անցել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանին, դրական արդյունք է ցույց տվել: Ֆուտբոլիստը հիվանդ է կորոնավիրուսով:
Թեստի արդյունքները հայտնի դառնալուց հետո իտալական ֆուտբոլային գերակումբը սկսել է պահանջվող մեկուսացման գործընթացը: Մեկուսացվում են բոլոր նրանք, ովքեր վերջին շրջանում Ռուգանիի հետ առնչություն են ունեցել:
Ավելի ուշ Ռուգանին հայտնել է, որ լավ է զգում, և բոլորին խորհուրդ է տվել հետևել հիգիենայի կանոններին՝ օգնելով կանխարգելել հիվանդության տարածումը:
«Ամենայն հավանականությամբ դուք կարդացել եք լուրերը, և ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար, ես լավ եմ: Պետք է շնորհակալություն հայտնեմ բոլոր բժիշկներին, բուժքույրերին, որոնք պայքարում են հիվանդանոցներում այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար: Ես հորդորում եմ բոլորին հետևել կանոններին, քանի որ այս վիրուսը բացառություններ չունի: Եկեք դա անենք ինքներս մեզ համար, մեր սիրելիների և մեր շրջապատի մարդկանց համար»,- գրել է Ռուգանին Instagram-ի իր էջում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Իտալիան նոր սահմանափակումներ է մտցրել որպես կորոնավիրուսի դեմ պայքարի մաս: Իշխանությունները հրահանգել են փակել բարերը, ռեստորանները և գեղեցկության սրահները: