Մեկնարկեց Կառավարության հերթական նիստը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մինչ օրակարգին անցնելը, հետաքրքրվեց, թե ինչ նորություններ կան կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի հետ կապված:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ երեկ արձանագրված երեք դեպքից հետո Հայաստանում փաստացի կա հաստատված 4 դեպք: Վարակվածներից երեքն այս պահին ախտանշաններ չունեն, թեև դիմելու պահին ունեցել են ջերմություն՝ նշեց նախարարը:
«Միայն մեկն այս պահին ունի գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում»,- նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ երեկ հայտնի դարձած կորոնավիրուսով վարակված երեք հիվանդներն էլ Հայաստան են ժամանել Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, բայց գտնվել են մասնագետների հսկողության տակ տնային այցերի և հեռախոսակապի միջոցով և գանգատ ունենալուն պես հոսպիտալացվել են:
Վարակվածների հետ շփման մեջ եղած մարդիկ ևս հայտնաբերվել ու մեկուսացվել են՝ նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ վայրում, որտեղ կային արդեն մեկուսացված 31 քաղաքացի: Նախարարի խոսքով՝ մեկուսացման աշխատանքներ են իրականացվել նաև նրանց բնակավայրերում, և հնարավոր է՝ օրվա ընթացքում նրանցից շատերը տեղափոխվեն հատուկ մեկուսացման վայր: