ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու
հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016 թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը:
Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ ոստիկանությունից:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016 թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր:
Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացում, այսինքն՝ նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:
Պարզվել է նաև, որ ընկերությանը հատկացված գումարի շրջանակներում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումները պետք է իրականացվեին «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային
ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: Սակայն չեն ներկայացվել բանակցային ընթացակարգի կիրառմանն առնչվող՝ գնային առաջարկների, որակավորման հիմնավորումների, ձեռք բերվող ապրանքի անվանման և տեխնիկական բնութագրերի, հայտերի ապահովման վերաբերյալ և այլ փաստաթղթերը: Չեն ներկայացվել տվյալներ այցի ընթացքում պատվիրակության կազմում ընդգրկված անձանց, նրանց քանակի, ժամկետների, օրերի, անհրաժեշտություն համարվող ծախսերի վերաբերյալ:
Ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք, աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։
Օրինակ՝ ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների, 1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018 թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։
Կամ՝ ընդհանուր 16.3 մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիէթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռք բերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։
Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6 մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող՝ ներկայացված ընկերությունը 2016 թ. մայիսից մինչև 2017 թ. մարտ, այսինքն՝ վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից, իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018 թ. դեկտեմբեր ամսից։
Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016-28.06.2016 ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017 թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։
ՍՊԸ-ի կողմից նաև ներկայացվել են ֆինանսական համակարգման, ֆինանսական խորհրդատվության, վերահսկման ծառայությունների, փաստաբանական ծառայությունների ծախսեր, որոնց կապը նշված այցի հետ որևէ հիմնավորում չունի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։
Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016 թ. ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներց ընկերությանն անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով
պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։
Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: