Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ նշել է, որ Գյուլագարակում սխալ է արել իրեն օգնության խնդրանքով դիմած տղամարդու հանդեպ: Վարչապետը խոստովանել է, որ սխալվել է երկու անգամ: Նախ, որ գերագնահատել է մարդու առողջական վիճակը գնահատելու իր ունակությունը, և երկրորդ՝ թերագնահատել է քաղաքացու հատկությունը, որ գուցե վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել է:
«Իմ երկու սխալի համար ուզում եմ Մեխակից և բոլորիցդ ներողություն խնդրել: Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող է սխալվենք, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: Ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ քաղաքացու կողքին պետք է լինեն, բայց եթե իրենք քաղաքացուն չեն օգնում, որ նա ոտքի կանգնի, դա վատություն է մարդուն: Պետք է այնպես օգնել, որ մարդը զարգանա, հավատա իր ուժերին: Վարչապետը նաև հիշեցրել է, որ կուրթանցի Մեխակը իր տունը կորցրել է այն մարդկանց իշխանության օրոք, ովքեր զարգացնում են այս թեման:
Հիշեցնենք, որ համացանցում քննարկման թեմա էր դարձել այն, որ Գյուլագարակում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ տան խնդրանքով Փաշինյանին մոտեցած տղամարդուն վարչապետն ասել էր, որ «առողջ տղամարդն ուրիշ առողջ տղամարդու չի ասի, որ իր տան հարցը լուծի»: