Ամերիկյան
Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:
Հրապարակման մեջ նշվում է, որ Գյումրի կարելի է հասնել Հունաստանից և Գերմանիայից՝ բյուջետային ավիաընկերությունների չվերթներով: Հայաստանի երկրորդ քաղաքը այսօր հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով,- գրում է պարբերականը:
«Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար: Խստաշունչ ձմեռվանից հետո քաղաքը զարդարվում է բազմազան ծաղիկներով, և ամենուր զգացվում է Սուրբ Զատիկի նախատոնական տրամադրությունը՝ հյութալի մրգերի և փլավի բուրմունքով»,- գրում է հեղինակը:
Գյումրիում կան գերժամանակակից սրճարաններ, խանութներ և ազգային կոլորիտը պահպանած հյուրանոցներ: Հայաստանում հումորի ամենասուր զգացողություն ունեցող մարդիկ ապրում են Գյումրիում, ընդգծում է հեղինակը:
Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում փորձել Պանրախաշը՝ պատրաստված պանրից ու լավաշից: Իսկ Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացում դիտելուց առաջ հոդվածագիրը խորհուրդ է տալիս համեղ թեյ և սուրճ համտեսել մոտակա սրճարանում: