Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբեռտիրույթին:
«Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել կիբերտարածքում, որը իհարկե, կարևոր խնդիր է՝ և՛ անվտանգության, և՛ արդյունավետության, և՛ կրթության որակի և համապատասխանության տեսանկյունից: Իսկ երեխաների անվտանգության մասին խոսելիս, պետք է հաշվի առնել նաև վաղ մանկությունը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում 3-4 տարեկան երեխաների 50 տոկոսն առնչվում է համացանցին, իսկ սա նշանակում է, որ պետք է ունենանք մատչելի և հասկանալի կարգավորումներ՝ կիբերտարածքում երեխաների անվտանգ վարքը և գոյակցումն ապահովելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ մանկավարժական մոտեցումները տարբեր են՝ տեխնոլոգիական կրթությունը սկսել ավելի շուտ տարիքի՞ց, թե՞ մինչև 12 տարեկանը ձեռնպահ մնալ դրանից:
«Այսօր կրթության ոլորտի բարեփոխումներից մեկը հանրակրթության բովանդակության, առարկայական չափորոշիչների, այդ թվում՝ հանրակրթության պետական չափորոշչի փոփոխության հարցն է, և դրա համատեքստում մենք քննարկում ենք նաև՝ ինչպես կազմակերպել տեխնոլոգիական կրթությունը հանրակրթության ոլորտում, որ մակարդակից և ինչպիսի արդյունք ակնկալել վերջում: Բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները հաշվի առնելու համար նախատեսում ենք այդ թեմայով նաև հանրային քննարկում կազմակերպել: Մենք երեխային պետք է զինենք համապատասխան գիտելիքով և հմտություններով, նրան բացատրենք այդ տարածքում գտնվելու բոլոր հնարավոր վտանգները»,- ընդգծել է նախարարի տեղակալը: