Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար։
Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ, պետք է լրացվեն հասցեական քարտեր, որոնցում ներառվելու է նաև վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:
Այն անձինք, որոնք օդանավում արդեն իսկ լրացրել են հասցեական քարտերը, ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետի մասնագետների կողմից համապատասխան ընթացակարգով անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, իսկ նրանք, ովքեր չեն լրացրել, վերը նշված ընթացակարգն անցնելուց հետո ևս լրացնում են հասցեական քարտերը։ Յուրաքանչյուր չվերթից հետո լրացված բոլոր քարտերը հանձնվում է ԱԱՏՄ անձնակազմին։