ՌԴ և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները խորհրդակցություն են անցկացրել Իդլիբի հարցով: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, հավելելով, որ հիմնականում քննարկվել է երկու երկրների ղեկավարների կողմից ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը:
РИА Новости-ն էլ փոխանցում է, թե կողմերը «քննարկել են Իդլիբի էսկալացիոն գոտում իրավիճակի կայունացման մասին հուշագրի լրացուցիչ արձանագրության իրագործմանը վերաբերող հարցեր»: Նշվում է նաև, որ քննարկումը նախաձեռնվել է թուրքական կողմի կողմից:
Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնում ասվում էր, որ Իդլիբում հրետակոծումների քանակը նվազել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Իդլիբի հարցով Մոսկվայում տեղի ունեցան բանակցություններ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև: Հանդիպումից հետո ընդունվեց համատեղ փաստաթուղթ, որով կողմերը պարտավորվեցին հրադադար պահպանել: